Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակն այսօր՝ մարտի 26-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել նախորդ դարասկզբին Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Չեխ պաշտոնյան այնուհետ այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է 20-րդ դարասկզբի ոճրագործության փաստական նյութերին:

Չեխիայի փոխվարչապետը նաեւ իր տպավորություններն է թողել հուշամատյանում: «Նման թանգարանների, ցուցադրությունների նպատակն է հիշեցնել մեկ անգամ եւս այն իրական արհավիրքը, որ ապրել են ժողովուրդները: Պարզ է, որ տպավորությունները ահավոր են»,- նշել է Բարտակը: Վերջինս, ի դեպ, նաեւ ծառ է տնկել Հիշատակի պուրակում:

Հիշեցնենք, որ Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակը մարտի 26-ին այցելել է Հայաստան եւ հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Վերջինիս հետ չեխ պաշտոնյան հայ-չեխական ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել:

Մարտին Բարտակն այսօր մեկնել է Հայաստանից: