Շոկոլադե Oreo թխվածքաբլիթը կրեմով միջուկով առաջացնում է նմանատիպ կախվածություն, ինչպես կոկաինը: Ամեն դեպքում, այն նույն կերպ է ազդում մկների վրա: Ընդ որում, կենդանիների համար կրեմով միջուկն ամենահամեղ մասն է համարվում, ցույց է տվել Քոնեքթիքութի քոլեջի փորձը:

Պարզվել է, որ քաղցրավենիքները ուղեղի հաճույքի կենտրոնում ակտիվացնում են ավելի մեծ թվով նեյրոններ, քան կոկաին տեսակի թմրանյութը, հաղորդում է Today.com-ը: Այդ իսկ պատճառով շատերի համար դժվար է հրաժարվել ճարպոտ ու քաղցր մթերքներից, համարում է նյարդաբան Ջոզեֆ Շրեդերը:

Գիտնականները քաղցած կրծողներին տեղադրել են լաբիրինթոսում: Լաբիրինթոսի մի հատվածը տանում էր դեպի բրնձե բլիթներին, մյուսը՝ Oreo թխվածքաբլիթը: Մկները կարող էին իրենք ընտրել, ինչն է իրենց ավելի շատ դուր գալիս: Ստացված արդյունքները համեմատել են այլ փորձի արդյունքների հետ, որի ընթացքում մկներին առաջարկվում էր ֆիզլուծույթ կամ կոկաին ու մորֆին, հաղորդում է MedDaily.ru-ն:

Արդյունքում կրծողները նույնքան ժամանակ էին անցկացնում եւ թխվածքաբլիթի, եւ թմրանյութի հատվածում: Ստացվում էր, որ կենդանիներին ավելի շատ դուր էր գալիս նախ թխվածքաբլիթի կրեմը, այնուհետ ինքը բլիթը, ինչպես եւ մարդիկ: Այս ամենն ապացուցում է, որ թխվածքաբլիթից  ու թմրանյութից առաջանում է միեւնույն կախվածություն: