Երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ British Airways-ի աշխատակիցները գործադուլ են սկսել։
Այս անգամ գործադուլը, BBC-ի տվյալներով, կտեւի մինչեւ մարտի 29-ը։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում մարտի 27-ի առավոտյան 29 չվերթ չեղյալ է համարվել։
Ավիաընկերության հաշվարկների համաձայն՝ գործադուլից կարող են տուժել 17 հազար ուղեւորներ։
Միեւնույն ժամանակ ընկերությունը հույս ունի պահպանել բոլոր չվերթների երեք քառորդը՝ իրականացնելով երկարատեւ չվերթների 70 եւ ազգային ու եվրոպական չվերթների 55 տոկոսը։
Ինչպես նշում են ընկերությունում,Լոնդոնի Հատվիկ եւ Սիթի օդանավակայաններից կատարող չվերթների վրա British Airways-ի գործադուլը չի ազդի։
Գործադուլի ընթացքում տոմս գնած 240 հազար ուղեւորներից 180 հազարը կթռչեն այլ փոխադրողներից վարձակալված ինքնաթիռներով։ British Airways-ի եւս 43 հազար ուղեւորներ տեղ կհասնեն մրցակից ընկերություների չվերթներով։
Նախորդ եռօրյա գործադուլը, որ ավարտվել էր մարտի 22-ին, British Airways-ին 30 մլն դոլար էր արժեցել։




























