Մարտի 26-ին եւ 27-ին համաշխարհային հռչակ վայելող «Deep Purple» ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ բարեգործական համերգներ կունենա։
Տոմսերի վաճառքից ստացված գումարները կուղղվեն Գյումրու N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիլանը, երեւանյան համերգների հիման վրա DVD կթողարկվի, որը վաճառքի կհանվի միջազգային շուկայում։ Նա իր հիացմունքն է հայտնել ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմի կապակցությամբ, որի հետ էլ երեկ կայացել է նրա առաջին համերգը։
«Նվագախումբը, որը ռոք նվագելու փորձ չունի, հանդես եկավ պրոֆեսիոնալ մակարդակով, եւ ինձ զարմացրել է այն փաստը, որ երաժիշտները գիտեին մեր երգած յուրաքանչյուր երգ»,- նշել է Գիլանը։ Երաժիշտն ընդգծել է, որ Հայաստանն իր հոգեւոր հայրենիքն է համարում։
Յան Գիլանի բարեգործական համերգները կազմակերպվել են «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում:
Նշենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 1-ին Յան Գիլանը այցելել էր Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որի ընթացքում տնակային պայմաններում գործող դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանը նշել էր, որ աշակերտները շատ են ցանկանում ունենալ լավ կիթառներ և հարվածային գործիքներ: 2010-ի փետրվարի 16-ին Յան Գիլանը երաժշտական գործիքներ էր ուղարկել երաժշտական դպրոցին:




























