Այսօր` մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը` Ս. Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարված մթնոլորտ:
Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կգտնվի հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների հետ փոխկապակցելն անընդունելի է:
Շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների մասին խոսելիս Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի որոշմամբ` մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները և նախկինում ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցի գերին հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:




























