Եվրամիության համար առանց Հայաստանի՝ միայն Վրաստանի եւ Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելն այդքան կարեւոր նշանակություն չունի: Այս մասին հոկտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Հայաստանն ու ԵՄ-ն, փորձագետի խոսքով, նոր իրավական փաստաթուղթ են նախապատրաստում, սակայն դա Ասոցացման համաձայնագրի հետ ոչ մի ընդհանուր բան չունի: «Վիլնյուսում հավանաբար 1 կամ 1,5 էջանոց փաստաթուղթ կստորագրվի, որում կարտահայտվի Հայաստանի՝ բարեփոխումներ անցկացնելու ցանկությունը: Պատճառն այն է, որ եթե Հայաստանի նախագահը մեկնի Վիլնյուս, ստիպված կլինի ինչ-որ բան անել կամ ստորագրել», - ընդգծել է  Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ Եվրոպան Ուկրաինայի հետ շանտաժի լեզվով խոսեց՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատման ուղղված մարտավարություն կիրառելով:

 Ուկրաինան, ըստ փորձագետի, ԵՄ-ի համար հաղթական կետն է եւ ՌԴ-ի թիրախը:

 «Կարծում եմ՝ Ուկրաինան կստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը: Ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայում շատ են խելացի օլիգարխները, որոնք կողմ են այդ համաձայնագրին, իսկ Հայաստանի օլիգարխները Մաքսային միության կողմնակիցն են», - նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, ԵՄ «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթաժողովը կկայանա նոյեմբերի  վերջին՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Գագաթաժողովում նախատեսվում է Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրում, ինչպես նաեւ դրա նախաստորագրումը ԵՄ-ի եւ Վրաստանի ու Մոլդովայի հետ: