Այս գիշեր Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում մահացել է շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Սմիսլովը: «Մահվան նախնական պատճառը համարվում է սրտանոթային անբավարարությունը»,- ասել է աղբյուրը: Սմիսլովը 89 տարեկան էր:

«Ռիա նովոստիի» հաղորդմամբ` նա հիվանդանոց է տեղափոխվել մի քանի օր առաջ` «Շտապօգնության» մեքենայով եւ բողոքել է սրտի շրջանում ցավերից: «Նա վերակենդանացման բաժանմունքում է եղել, բայց բժիշկների ջանքերը հաջողությամբ չեն պսակվել եւ շախմատիստն այս գիշեր մահացել է»,- հավելել է աղբյուրը:

Վասիլի Սմիսլովը շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոնն է (1957-1958): Նա ծնվել է 1921 թվականի մարտի 24-ին: Նրա հայրը առաջին կարգի շախմատիստ է եղել, ով տղային շախմատ խաղալ է սովորեցրել, երբ նա 6 տարեկան էր: 17 տարեկանում Սմիսլովը դարձել է սպորտի վարպետ եւ Մոսկվայի չեմպիոն: