Չիկագոյի հայկական եկեղեցում նշել են Հելեն Փալոյանի 107-ամյակը, ով, հնարավոր է ամենատարեց հայուհին է, ով վերապրել է 1915թ.-ին հայերի ցեղասպանությունը: Նա շրջապատված իր ընտանիքով ժպտում էր, նստած մի վայրում, որն իր համար տուն էր դարձել՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում, որտեղ պատվել են նրան ուժի, կամքի ու հավատի համար:

Ինչպես գրում է «Chicago Tribune»-ը, Հելեն Փալոյանը իր կյանքը սկսել էր որպես թափառաշրջիկ: Փոքրի Հելենը շրջում էր փողոցներում, ապաստարան ու կերակուր խնդրում: Նա ականատեսն էր այն բանի, թե ինչպես են օսմանյան զինվորականները մտնում իրենց գյուղ ու տեղահանում բնակիչներին՝ անմիջապես հայոց ցեղասպանությունից առաջ:

Այդ սպանությունների ժամանակ նա կարճ ժամանակով ապաստանում է հայկական եկեղեցում, սակայն փախչում է, երբ իմանում է, որ թուրք զինվորները պատրաստվում են հրդեհել եկեղեցին: Հետո նա հայտնվում է մանկատանը, որը մի քանի անգամ տեղափոխվում է Մերձավոր Արեւելքում, մինչեւ որ 1920-ական թվականներին նրան չի գտնում զարմիկն ու տեղափոխում ամերիկյան Վիսկոնսին նահանգում գտնվող Ռասին քաղաք:

Նա ծնվել է 1906 թվականին: Հարազատների խոսքով, Փալոյանը չի հիշում, ինչպես են զոհվել իր ծնողները: Ջարդի ժամանակ նրա երկու եղբայրներին արտաքսել են, իսկ երրորդ եղբայրը հաստատվել է ԱՄՆ-ում: Որոշ ժամանակ անց նա գտել է երրորդ եղբորը, սակայն այդպես էլ լուր չի ստացել մյուս երկու եղբայրներից: