Սեռերի իրավահավասարության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 136 երկրների շարքում 94-րդ տեղն է զբաղեցրել, ասված է Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի «The Global Gender Gap Index 2013» զեկույցում։ Նախորդ տարվա համեմատ երկիրը երկու հորիզոնականով իջել է։

ԱՊՀ երկրներից ամենաբարձր դիրքում Ղազախստանն է (32-րդ տեղ)։ Հաջորդում են Մոլդովան  (52), Ռուսաստանը (61), Ղրղըզստանը (63), Ուկրաինան (64), Ադրբեջանը (99)։ Վրաստանը  86-րդ տեղում է։

Համաշխարհային տնտեսագիտական ֆորումի վարկանիշի առաջատարներ են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան։

Վերջում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներն են, որոնք գենդերայն հավասարության տեսանկյունից ամենահետամնացն են։ Ցուցակն ամփոփում են Չադը, Պակիստանը եւ Եմենը։

Սեռերի իրավահավասարության մակարդակի հարցով աշխարհի երկրների  վարկանիշը կազմվում է ամեն տարի՝ 2006 թվականից սկսած։