Այսօր քաղաքական պատկերը սյուրռեալիստական է, որը կարծես թե արտացոլում է իրականությունը եւ միաժամանակ չի պատասխանում իրական տեսակետներին եւ գնահատակններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ «մի աչքով նայում ենք Արեւմուտքին, մյուսով՝ Ռուսաստանին, բայց կտրուկ որոշումներ ենք կայացնում»:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը, նա ասաց, որ Լուկաշենկոն բարոյական մեկ լումա չէր վաստակել, որ նման հայտարարություն աներ, ինչը եւս սյուրռեալիզմի մի գիծ է: «Թուրքիան իր հերթին ցանկանում  է մտնել այնտեղ, որտեղ հայտնվում է Հայաստանը: Այս ամենը ինձ հնարավորություն է տալիս բնութագրել որպես սյուրռեալիստական վիճակ: Իսկ դա Հայաստանի, ոչ ինքնուրույն ձեռագրի արդյունքն է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը եւ ավելացրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են հայտարարում, թե իրենք ինչ կարող են անել, երբ աղքատ երկիր են:

«Ի՞նչ է, հարուստ մտածողության տեր մարդիկ չկա՞ն: Ի՞նչն է պակաս այստեղ, ես ուզում եմ հասկանալ: Սա ինքնաբլոկադա է, ինքնապաշարում: Այս ամենը խոսում է այն մասին, որ արցախյան շարժման արդյունքում եկած քաղաքական էլիտան չի փոփոխվում եւ հին մտածողությանն է մնում»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Միսնկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Թուրքիան եւս հետաքրքրված է Մաքսային միությանն անդամագրվելու հարցում: