ԵՄ-ն պատրաստ էր Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 3-ից հետո եվրոպական կառույցներում հնչում էր հետեւյալ ձեւակերպումը. «Ակնկալում ենք Ուկրաինայի հետ կնքել Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, նմանատիպ փաստաթղթեր ստորագրել Մոլդովայի եւ Վրաստանի հետ», իսկ Հայաստանի անունը չէր հնչում:

Եվրոպական հասարակությունը, ըստ փորձագետի, սեպտեմբերի 3-ից հետո հետաքրքիր իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը բավական մեծ առաջընթաց արձանագրեց բանակցություններում, որոշ առումներով առաջ անցնելով Վրաստանից եւ Մոլդովայից: «ԵՄ-ն պատրաստ էր Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը եւ դա հենց այնպես աղբարկղ չեն կարող նետել: Հետեւաբար, անհրաժեշտ է գնալ ինչ-որ բան փոխելու ճանապարհով: Բայց մյուս կողմից եվրոպացիները շատ լավ հասկանում էին, որ եթե իրենք փոխում են դեպքերի ընթացքը Հայաստանի հետ հարաբերություններում, դրանով նախադեպ են ստեղծում, որը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ»,-ընդգծեց Բեքարյանը:

«ԵՄ-ի խնդիրը հետեւյալն է. մինչեւ Վիլնյուսի գագաթաժողով նախադեպեր չստեղծել, հաղթահարել Վիլնյուսը, որից հետո հասկանալ, թե ինչպես պետք է առաջ ընթանալ «Արեւելյան գործընկերության» երկրներից յուրաքանչյուրի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե Վիլնյուսում Հայաստանի հետ ինչ-որ բան ստորագրվի, դա կլինի երեւի հուշագրի տեսքով: