Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները ապաքինվում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցներից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, սնվում է, գիտակցությունը տեղն է, բժիշկները հույս ունեն, որ նրան շաբաթվա սկզբին Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն այլ բաժանմունք: Այս հիվանդանոցում է գտնվում նաեւ վթարից մահացած Էդգար Հակոբյանի հայրը՝ Հայկ Հակոբյանը: Նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Նեյրովիրաբուժության բաժանմունք, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի հետեւանքով բազմաթիվ կոտրվածքներ ստացած եւ մի քանի վիրահատությունների ենթարկված Տաթեւ Հակոբյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Տրավմատոլոգիայի բաժանմունք: Հիվանդանոցից հայտնեցին, որ նրա գիտակցությունը տեղն է, չի կարողանում քայլել եւ չգիտեն էլ՝ կքայլի, թե ոչ, քանի որ մի կողմից աղջկա ազդոսկրն ու կոնքն է վնասված, մյուս կողմից էլ կմախքային ձգում է դրված: Աղջիկը ոչինչ չգիտի միջադեպի մասին:

Տաթեւի եւ վթարի հետեւանքով մահացած Էդուարդի հայրը՝ Արթուր Հակոբյանը, եւս գտնվում էր «Արմենիա» հիվանդանոցում: NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Վիրաբուժական բաժանմունք, ապա դուրս գրվել հիվանդանոցից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է  ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: