ԱՄՆ-ի համար Ադրբեջանի նշանակությունը նվազում է: Այս մասին հայտարարել է հայտնի փորձագետ, արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի անդամ Ուեյն Մերին` մեկնաբանելով Բաքվի եւ Վաշինգթոնի միջեւ  վիճաբանությունները:

Turan-ը հաղորդում է, որ փորձագետը սխալ է համարում Ադրբեջանի իշխանությունների ներկայիս պահվածքը: «Ցավոք,  Բաքվի քաղաքական ղեկավարությունը իրեն վիրավորված կողմի տեղն է դնում: Այսպիսով նա ցուցադրում է իր անջատվածությունն աշխարհի իրադարձություններից եւ եվրոպական ու ամերիկյան առաջնահերթություններն ու արժեքները  չգիտակցելը, ինչպես օրինակ` օրենքի գերակայությունը»:

Ըստ Ուեյն Մերիի` Բաքվում չեն ուզում հասկանալ, որ նման խնդիրները չի կարելի շրջանցել` դրանք արտաքին քաղաքականության հիմնարար հարցեր են եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի համար: Եվ նման խնդիրները կշարունակվեն, դրանք ապագայում ավելի շատ կլինեն, նշել է փորձագետը: 

Պատասխանելով այն հարցին, թե ամերիկա-իրանական սերտացումն ինչպես կարող է ազդել տարածաշրջանում ամերիկյան գերակայությունների վրա, Մերին ասել է, որ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հարավային Կովկասի նշանակությունն ԱՄՆ-ի համար ընդհանուր առմամբ նվազում է: Մասնավորապես դա կապված է Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտի եւ աշխարհի այլ շրջաններում ԱՄՆ-ի պարտավորությունների հետ:

Փորձագետը նաեւ Բաքվին կոչ է արել չոգեւորվել նավթի եւ գազի մատակարի իր դերով` հաշվի առնելով իրականությունը եւ նոր մարտահրավերները: «Նավթի շահույթների շնորհիվ հեշտ բարգավաճման տարիներն ավարտվում են, եւ առջեւում տնտեսական մարտահրավերների ավելի դժվար տարիներ են սպասվում», - ընդգծել է Ուեյն Մերին: