Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հոկտեմբերի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մինա Թունսին:Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին դեսպան Թունսիի ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ երկկողմ հարաբերությունները կակտիվանան: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ արաբական երկրների հետ այսօր առկա է ակտիվ համագործակցություն տարբեր ոլորտներում: Այդ համատեքստում կարեւորվել է նաեւ Մարոկկոյի հետ միջպետական համագործակցության զարգացումը:
Դեսպան Մինա Թունսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի ամրապնդելու երկու երկրների միջեւ հարաբերությունները:





























