Ընթացիկ հոկտեմբերը կարելի է բնութագրել որպես հայ-ֆրանսիական աշխույժ շփումների ամիս, հոկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանը նշել է, որ ամիսը նշանավորվել է Հայաստանի նախագահի Ֆրանսիա  կատարած այցով, այնուհետեւ Փարիզում կայացել են Հայաստանի կառավարական պատվիրակության հանդիպումները: Վալանսում անցկացվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որին հաջորդել է Մարսելի սենատոր-քաղաքապետի այցը Հայաստան: «Մշակութային բաղադրիչը հայ-ֆրանսիական հարաբերությունների կարեւոր մասն է», - ընդգծել է  դեսպանը՝ հավելելով, որ Ֆրանսիան շատ ակտիվ ներկայացված էր Երեւանում անցկացված «Ռեանիմանիա» փառատոնին:

Հայ-ֆրանսիական հարաբերությունները բնութագրելով՝ դեսպանը նշել է, որ դրանք ամենալայն ընդգրկում ունեն՝ սկսած քաղաքականությունից մինչեւ ֆրանկոֆոնիա, տնտեսությունից մինչեւ մշակույթ: «Եվ ամեն ուղղություն ավանդ ունի կապերի զարգացման գործում»:

Դեսպանը հատուկ շեշտել է ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, որի հեռանկարները եւ վերջին տարիների աշխատանքը քննարկվել էին Վալանսի համաժողովում: Հատուկ կարեւորվում է գյուղատնտեսության եւ տնտեսության զարգացումը: