Հայտնի է դարձել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված Վահե Մկրտչյանի գտնվելու վայրը, որի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարել էր, որ ազատ է արձակվել:
Նրա կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան իրեն հայտնել են, որ ամուսինը գտնվում է ԿՊԶ-ում, սակայն հաց չի կարողացել փոխանցել, չեն ընդունել: Այսօր առավոտյան կինը նորից է գնացել, որպեսզի սնունդ փոխանցի ամուսնուն, բայց այն նորից չեն ընդունել՝ հայտնելով, որ ժամը 13.00-ից հետո տանի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Վահե Մկրտչյանը կալանավորվել է, այսինքն նախորդ հաղորդագրության մեջ սխալ է նշվել, որ նա ազատ է արձակվել:
Ոստիկանության փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված եւ ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:
Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Շանթ Հարությունյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ավետիս Ավետիսյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Լիպարիտ Պետրոսյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Արմեն Հովհաննիսյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վարդան Վարդանյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Միսակ Առաքելյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ալբերտ Մարգարյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Անուշավան Գրիգորյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մկրտիչ Հովհաննիսյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վահե Մկրտչյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հայկ Հարությունյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Տիգրան Պետրոսյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Ալեք Պողոսյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Սեւակ Մնացականյան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Աշոտ Տերտերյան, Մանուկ Հովիկյան, Արման Մխիթարյան, Մխիթար Մխիթարյան, Հովհաննես Ղազարյան, Դավիթ Մկրտչյան:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը Վահե Մկրտչյանի անունը ներկայացրել էր ազատ արձակվածների շարքում, սակայն նա չկար: Ընտանիքը ահազանգել էր NEWS.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իրենք մինչեւ ժամը 22։00-ը եղել են Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրի մոտ, բայց Վահեն այդպես էլ դուրս չի եկել։ Պարզվել է, որ Վահե Մկրտչյանը կալանավորված է, փոխարենը ազատ է արձակվել Դավիթ Մկրտչյանը:





























