Արդեն մի քանի ամիս է երեւանցիներին ամենաշատ հուզող հարցը ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի հնարավոր թանկացումն է։
Քաղաքապետարանի եւ գծատերերի հիմնական պատճառաբանությունն այն է, որ ներկայիս գնի պայմաններում հնարավոր չէ բարվոք վիճակի տրանսպորտ ապահովել։ Սրա տակ ենթադրվում է տրանսպորտի մաշվածությունը, սրահների կեղտը, վարորդների բռիությունը եւ թափթված տեսքը։
Քաղաքում երթեւեկող մաշված երթուղայիններից բացի, ավտոբուսներ էլ են շրջում։ Չինաստանի նվիրած ավտոբուսների պարագայում ամեն ինչ հասկանալի է. նվիրած ձիու ատամներին չեն նայում։
Սակայն մասնավոր ընկերությունների ձեռքբերած ավտոբուսների պարագայում բնական հարց է ծագում. ի՞նչ են մտածել ընտրություն կատարելիս։
Այդ ավտոբուսների սրահների չափերը չեն համապատասխանում ոչ ազգաբնակչության պատկառելի չափերին, ոչ էլ հարմարավետության պահանջներին։ Դրանցում կանգնած երթեւեկելը ծայրաստիճան անհարմար է, դիրքերի մասին էլ չխոսենք։ Սրահի անցումն այնքան նեղ է, որ ցանկացած «մարմնեղ» տիկին խցանի դեր է կատարում։
Բայց ամեն ինչին հարմարվող երեւանցիները ուրախ են անգամ նման տրանսպորտի համար։ Սակայն այստեղ էլ քաղաքացիների բախտը չի բերում։ Վերջերս ավտոբուսների վարորդներն իրենց «թռնողներից» ապահովագրելու համար ձգտում են չբացել հետեւի դուռը։ Վարորդներից մի քանիսն ավելի են առաջադիմել եւ պարզապես «զմռսել են» հետեւի դռները։
Այս փաստերը քաղաքապետարանը եւ գծատերերը համառորեն արհամարհում են, ինչը չի խանգարում ուղեվարձի գները բարձրացնելու անհրաժեշտության մասին խոսակցություններին։ Ամենայն հավանականությամբ, թանկացումից հետո երեւանցիներին նույն սպասարկումն է սպասվում, բայց արդեն ավելի թանկ գնով։





























