Իրանը պատրաստ չէ հրաժարվել միջուկային տեխնոլոգիաների օգտագործումից, այդ թվում նաեւ ուրանի հարստացումից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Միջազգային միջնորդների «վեցնյակի» ու Թեհրանի ներկայացուցիչների միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ Ժնեւում ընթացող բանակցությունների արդյունքներով Ռոուհանին հանդես է եկել խորհրդարանում:

«Մենք բանակցող գործընկերներին հայտարարել ենք, որ չենք ենթարկվի որեւէ սպառնալիքի՝ ոչ պատժամիջոցների, ոչ ստորացումների ու խտրականության սպառնալիքների: Իսլամական Հանրապետությունը չի խոնարհվել ու չի խոնարհվի որեւէ իշխանության սպառնալիքի առաջ»,- իրանական ԻՍՆԱ լրատվական գործակալությունը մեջբերում է իրանական նախագահի հայտարարությունը:

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ընթանում էին երեք օր: Խորհրդատվությունների վերջին փուլին միացան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները: Այս պահին բանակցություններն ընդհատված են, սակայն սպասվում է, որ 10 օրից դրանք կվերսկսվեն: