Պակիստանում թալիբների շարժումը հայտարարել է, որ իշխանությունները փորձել են կախարդության միջոցով հաշվեհարդար տեսնել խմբավորման նախկին առաջնորդ Հաքիմուլա Մեհսուդի հետ:

DAWN թերթը հրապարակել է «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան»-ի հայտարարությունը, որում ասվում է, որ կյանքի վերջին օրերին Մեհսուդը, ով զոհվել է նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի կործանիչի հարվածի ժամանակ, «հոգեւոր բուժման» կուրս էր անցնում արաբ մասնագետներից մեկի մոտ: Թեեւ Մեսհուդը որեւէ հիվանդության ախտանիշ չուներ, ցավում էր գլուխը, ինչպես նաեւ մարմնի մյուս մասերը, առողջական վիճակը կտրուկ վատանում էր, ու պատճառը «կառավարության կախարդանքն» է:

«Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան»-ի նոր առաջնորդն է Մաուլանա Ֆազուլան, իսկ թալիբները հայտարարել են Մեսհուդի մահվան վրեժխնդրության մասին: Նրանք նաեւ հայտարարել են, որ կառավարության հետ խաղաղ բանակցությունների չեն գնա, քանի որ իրենց նոր առաջնորդը դեմ է դրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: