Արարատի քաղաքապետի ընտրությունները յուրահատուկ էին, քանի որ քաղաքական երկու թիմերն էլ բավական աշխատանք էին կատարել: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Արարատի քաղաքապետի ընտրությունները:

«Երկու թիմերն էլ բավականին ուժեղ էին, սակայն հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուն: Ես կցանկանայի, որպեսզի այս երկու թիմերը միավորվեն եւ իրականացնեն նախընտրական շրջանում տրված խոստումները: Թիմերը կարող են համագործակցել Արարատի քաղաքապետարանի հետ»,- նշել է Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ օրինակ, եթե խնդիրներ են ծագում, ապա եւ իշխանական, եւ ընդդիմադիր պատգամավորները միավորվում են՝ դրանք լուծելու համար:  «Հաղթողը մեկը պետք է լինի: Ես, իհարկե, նման իրավիճակը հաղթանակ չեմ համարում, քանի որ հաղթում են թշնամուն: Եթե հիշենք նախորդ համապետական ընտրությունները, ապա, ըստ դրանց արդյունքների, ակնհայտ էր Արարատում քաղաքապետի ընտրությունների ելքը: Քաղաքական մեծամասնության ընտրազանգվածն աջակցել է իր թեկնածուին»: