Տարեկան 150 հազար դոլարից ավելի եկամուտ ունեցող ամերիկացիների երեխաները ծնողների կողմից ուժեղ ճնշման են ենթարկվում, ինչի պատճառով իրենց ոչ հարուստ տարեկիցներից կրկնակի հաճախ են տառապում հոգեկան շեղումներից, պնդում է Արիզոնայի համալսարանի գիտնական Սունյա Լուտան:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ աղքատ ընտանիքներում մեծացած երեխաները, հակված են դեպրեսիայի, ինչպես նաեւ ունեն սոցիալական եւ զգացմունքային բնույթի տարբեր խնդիրներ: Սակայն Լուտան իր ուսումնասիրության մեջ ցույց է տվել, որ հարստությունն էլ կարող է ազդել երեխաների հոգեկան ներաշխարհի վրա:
«Կրթությունը եւ փողը գուցե մի ժամանակ սթրեսից պաշտպանող միջոց են եղել, սակայն այժմ դա այդպես չէ: Ինչ-որ բան փոխվել է. փաստերը ցույց են տալիս, որ հարուստ երիտասարդներն ավելի խոցելի են դարձել, քան նախորդ սերնդի օրոք», - գրում է Լուտան Psychology Today ամսագրի հոդվածում:
Հոդվածի հեղինակը հարուստ դեռահասների վարքը համեմատել է աղքատ դեռահասների վարքի հետ: Պարզվել է, որ առաջիններն իրենց տարեկիցներից ավելի շատ են թմրանյութեր եւ ալկոհոլ օգտագործում: Բացի դրանից, «ոսկի երիտասարդության» շրջանում բավական տարածված է կողոպուտը, իսկ աղքատ ընտանիքների երեխաները այլ բնույթի հանցագործություններ են կատարել՝ հիմնականում կապված ինքնապաշտպանության հետ: Ընդ որում՝ հարուստ դեռահասները կրկնակի ավելի են տառապում ընկճախտով եւ հոգեկան այլ հիվանդություններով, քան աղքատները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հոդվածի հեղինակն այդ երեւույթի պատճառն է համարում այն, որ հարուստ եւ հաջողակ ծնողներն իրենց երեխաներից չափազանց մեծ ակնկալիքներ են ունենում, ինչպես եւ ուսուցիչները:





























