«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրինագիծը հանրության մեջ սխալ մեկնաբանություն է ստացել, «գենդեր» բառը թյուրիմացության պատճառ է դարձել: Այս մասին ԱԺ նիստում նոյեմբերի 11-ին հայտարարել է ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը:
«Մենք առաջարկեցինք օրինագծից հանել «գենդեր» բառը եւ փոխարինել «սեռ» կամ հանրության համար ընդունելի այլ բառով», - ասել է Բիշարյանը, սակայն չի հասցրել ավարտել խոսքը, քանի որ նրան ընդհատել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատգամավորներին կոչ անելով դահլիճում հանգստություն պահպանել եւ ՕԵԿ ներկայացուցչին ելույթն ամփոփելու հնարավորություն տալ:
Իր հերթին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանը նույնպես հանդես են եկել «գենդեր» բառը «կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն» եզրով փոխարինելու առաջարկով. «Կառավարությունը, բնականաբար, չընդունեց մեր առաջարկները, եւ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու օրինագիծը օրակարգում ընդգրկելուն»:
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկվել է 3 – 4 ժամ, եւ Բիշարյանը համաձայնել է դեմ քվեարկել օրինագծին, քանի դեռ փոխզիջման չեն հասել:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ անհրաժեշտ է «գենդեր» բառը փոխարինել, հետո ներկայացնել օրինագիծը: «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ ընդհանրապես դեմ է եղել օրինագիծն օրակարգում ընդգրկելուն:
Կրկին ձայնի իրավունք ստանալով՝ Հեղինե Բիշարյանը բոլորին կոչ է արել քվեարկել սեփական հայեցողությամբ, ինչին Արզումանյանը հակադարձել է. «Զարմանում եմ, տիկին Բիշարյան, Հանձնաժողովում օրինագիծը քննարկելիս Դուք հայտարարեցիք, որ պետք է դեմ քվեարկել, իսկ այժմ փոխեցիք դիրքորոշումը»:
Արդյունքում, խորհրդարանը դեմ է քվեարկել օրինագիծն օրակարգում ընդգրկելուն:





























