Ռուսաստանի դեսպանը կոչ է անում չհավատալ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կովկասցիներին Ռուսաստանից վտարելու մասին մամուլում տարածված լուրերին։
Հիշեցնենք, որ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կովկասցիներին Ռուսաստանից վտարելու կոչեր են հնչում։ Այսօր` մարտի 31-ին Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը արձագանքել է այս մասին լուրերին, նշելով. «Մի հավատացեք մամուլին։ Այն հրեշները, այն ահաբեկիչները, որոնք մետրոյում իրականացրեցին այդ ահաբեկչությունը, եւ այն մարդիկ, որոնք կովկասցի են՝ հյուսիսային եւ հարավային, ոչ մի կապ չունեն այս ահաբեկիչների հետ։ Ամեն մի ընտանիք ունի իր այլանդակը, որոնք երկրի վրա տեղ չպետք է ունենան։ Դրանք մարդ չեն», — նշել է Ռուսաստանի դեսպանը։
«Իսկ այն, որ մոտ 1 միլիոն հայ կամ վրացի են ապրում Ռուսաստանում, Աստված տա՝ թող նրանք ապրեն, աշխատեն եւ բարգավաճեն։ Սա անխախտելի այն կապն է, որը միշտ եղել է ռուս եւ կովկասցի ժողովուրդների մեջ, եւ ոչ մի հրեշի ու ահաբեկչի չի հաջողվի կտրել այդ կապը», — հավելել է դեսպանը։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված ահաբեկչական երկու պայթյունները 39-ը մարդու կյանք խլեցին։




























