«Ցավդ տանեմ» հայերեն արտահայտությունը լավագույնս բնորոշում է պալիատիվ բժշկության թեմայով միջազգային կոնֆերանսը: Այս մասին իր ողջույնի ելույթում հայտարարել է սոցիալական, առողջապահական, մայրության ու մանկության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Պալիատիվ օգնության ոլորտում ընթացիկ զարգացումները» անվամբ կոնֆերանսը մեկնարկել է Երեւանում՝ «Կոնգրես» հյուրանոցում: Ծրագրվում է, որ կոնֆերանսի ընթացքում հյուրերը  հայ գործընկերների հետ կկիսեն ոլորտում կուտակած փորձը, որը միաժամանակ համահարաբերակցվում է առողջապահության, սոցիալական ոլորտի ու իրավասությունների հետ, քանի որ վեաբերում է մարդու հիմնարար իրավունքներին:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ համապատասխան օրինագիծը խորհրդարանում անցել է երկրորդ ընթերցումը եւ առաջիկայում սպասվում է, որ այն կընդունվի: «Հայաստանի համար, որն այդ ուղղությամբ առաջին քայլերն է կատարում, շատ կարեւոր է բոլոր երկրների փորձը, որոնք արդեն որոշակի ուղի են անցել»,-ընդգծել է նա: Նա բարեմաղթել է, որպեսզի առաջին հերթին լուծվի այցելուների կրճատման հարցը, որոնք պալիատիվ բժշկության կարիք են զգում, սակայն «եթե այդպիսիք լինեն, մենք գիտենք, որ նրանք կան, որպեսզի անենք հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք արժանապատիվ ապրեն այնքան ժամանակ, որքան որ նրանց համար նախատեսված է»:

Կոնֆերանսի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անունից՝ ողջունել է ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, որը նշել է, որ բժշկական օգնության ժամանակ առանց տառապանքների ու ցավի կյանքի իրավունքը մարդու կարեւորագույն իրավունքներից է: Նա հավելել է, որ մի քանի տարի առաջ Հայաստանում ոչ ոք չէր խոսում պալիատիվ օգնության մասին, բայց վերջին ժամանակներս իրավիճակն արմատապես փոխվել է:

Կոնֆերանսի կազմակերպիչ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի խորհրդի նախագահը նշել է, որ 2010 թվականից հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում սկսել է պալիատով բժշկություն ներդրվել: Երկրում ընդունվել է պալիատիվ օգնության հայեցակարգը եւ վերանայվել է թմրամիջոցների մասին օրենքը, որի շնորհիվ պերորալային մորֆինը ներառվել այն դեղամիջոցների ցանկում, որոնք գնվում են կենտրոնացված կարգով:
Հիշեցնելով Լեոնարդո դա Վինչիի խոսքը, որ գոյություն ունեն երեք տեսակի մարդիկ՝ նրանք, որոնք տեսնում են, նրանք, որոնք տեսնում են, երբ իրենց ցույց են տալիս եւ նրանք, որոնք չեն տեսնում, հիմնադրամի ղեկավարը նշել է, որ պետք է տեսնել խնդիրը, տեսնել հիվանդների եւ նրանց ընտանիքի անդամների կյանքի բարելավմանն ուղղված ճանապարհները:

Պալիատիվ բժշկությունը առողջապահության ոլորտ է, որը կոչված է բարելավել խրոնիկ հիվանդությունների զարգացող տեսակներով տառապող հիվանդների կյանքի որակը, երբ մասնագիտացած բուժման հնարավորությունները սահմանափակված են կամ սպառված: Այլ խոսքով՝ խնդիրը հիվանդության վերջին փուլերում նրանց տանջանքները թեթեւացնելն է:

Պալիատիվ բժշկությունն ուղղված է ախտանիշների վերահսկմանը, ոչ թե հիվանդի բուժմանը: Բացի ֆիզիկական տանջանքներից, անհրաժեշտ է նաեւ գեհբանական եւ սոցիալական աջակցություն: Բացի այդ աջակցություն է անհրաժեշտ նաեւ մահացող հիվանդի հարազատներին, որոնք խնամում են նրան: