ՄԱԿ Միջազգային դատարանը Հաագայում Դանգրեկ լեռնաշղթայի համանուն գագաթի վրա գտնվող Պրեա Վիհեա վանական համալիրի շուրջ վիճահարույց տարածքը ճանաչել է Կամբոջայի սեփականություն: բացի այդ, Միջազգային դատարանը Պրեա Վիհեայի գագաթի մի մասին հավակնող Թաիլանդին պարտավորեցրել է այնտեղից դուրս բերել իր զորքերը, ոստիկանությունն ու մյուս զինված պահակազորները:

Այդ կերպ դատարանը հաստատել է Միջազգային դատարանի որոշումը, որն այս առթիվ կայացվել էր 1962թ.-ին: Այն ժամանակ դատարանը Կամբոջայի ու Թաիլանդի միջեւ ճանաչել էր դեռ 1907թ.-ին ֆրանսիացիների կողմից անցկացված սահմանը. Կամբոջան 19-րդ դարի վերջից մինչեւ 1953թ.-ի անկախությունը Ֆրանսիայի պրոտեկտորատի ներքո էր: 1907թ.-ի ֆրանսիական քարտեզի համաձայն՝ տարածքը, որի վրա գտնվում է Պրեա Վիհեան, պատկանում էր Կամբոջային:

Կամբոջան ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը անվանել է հաղթանակ ողջ ազգի ու գործող իշխանությունների համար: Մինչ դեռ Թաիլանդի իշխանություննները նշում են, որ Կամբոջան ստացել է վիճահարույց տարածքի միայն 4,6 քառակուսի կիլոմետրը Պրեա Վիհեայի շրջակայքում, գրում է տեղական The Bangkok Post թերթը: Դատարանում Թաիլանդի ներկայացուցչի խոսքով՝ կողմերը դռ պետք է որոշեն հստակ տարածքի սահմանները, որը դատարանի որոշման համաձայն Կամբոջային է պատկանում:

Դատարանի որոշման հրապարակումից առաջ կողմերը վանքի մոտ ուղարկել էին իրենց զինվորականներին, գրում է The Cambodia Daily թերթը: Միաժամանակ շրջակա գյուղերի բնակիչները սկսել են ապաստարաններ հիմնել կամ առհասարակ լքել են իրենց բնակարանները՝ զգուշանալով ռազմական բախման հնարավորությունից, գրում է Agence France-Presse-ը: Ընդ որում դատարանի որոշման հրապարակումից հետո վանքի շրջանում բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է «Lenta.ru»-ն: