Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանը վթարի օրը սթափ է եղել` այդ է վկայում նաեւ բժշկական փորձաքննությունը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Չգիտեմ ինչի, բոլորը առաջին օրվանից գրում են, թե Վարդան Պետրոսյանը խմած է եղել, արագությունը եղել է 160: Բայց մեր ձեռքի տակ է փորձաքննության արդյունքները, որոնք վկայում են, որ Վարդան Պետրոսյանը խմած չի եղել: Դեպքից հետո նրան տարել են Եղվարդի բժշկական կենտրոն եւ առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո ստուգվել է նրա խմածությունը եւ պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Դրանից հետո տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղից էլ քննիչի կողմից վերցվել է մազի եւ արյան նմուշ եւ նշանակվել տոկսիկա-քիմիական փորձաքննություն»,- ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը եւ ավելացրեց, որ վերջինիս փորձաքննությունը դեռ չեն ստացել, բայց գիտեն, որ Վարդան Պետրոսյանի մոտ որեւէ նման երեւույթներ չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Արձանագրության լուսանկարը՝ Hetq.am-ի