Էթիկայի հանձնաժողովը կարգավորելու է Հայաստանում օրգանների փոխպատվաստումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով կառավարության որոշումը՝ դոնորական փոխպատվաստումների ոլորտում էթիկայի հանձնաժողովի ստեղծման մասին:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի օգնելու մերձավորին՝ մարդասիրության նկատառումներից ելնելով: Հանձնաժողովի վրա խնդիր է դրված ճիշտ գնահատել, որ դոնորի որոշումը կայացված չլինի բռնության կամ պաշտոնեական կախվածության ազդեցության տակ»,- ասել է պատգամավորը: Միեւնույն ժամանակ, այդ հարցերը պարզելուց պետք է զերծ պահել բժշկական անձնակազմին, որը պետք է կենտրոնանա մասնագիտական խնդիրների վրա: «Ուստի հանձնաժողովը պետք է հետազոտի եւ մարդու հոգեբանական վիճակը, այլ ոչ պարզապես հարցաքննի նրան: Պետք է գտնել շատ նուրբ հոգեբանական մոտեցում, բարձր գնահատելով նրա մարդասիրությունը, բայց միաժամանակ զգուշացնելով հնարավոր հետեւանքների մասին, օգնի ճիշտ որոշում կայացնել»,- ասել է Բաբլոյանը:

Նա նաեւ նշել է, թե հանձնաժողովը չի կարող վերահսկել Հայաստանի քաղաքացիների այցը արտերկիր՝ գումարի դիմաց օրգանները վախառելու նպատակով: