Հայաստանի նախագահն իրավասու չէ միջամտել իրավական գործընթացներին. Panorama.am-ին պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ միաժամանակ նշելով, որ Վարդան Պետրոսյանի հետ կապված զարգացումներն առիթ են դարձել, որպեսզի նախագահն անդրադառնա խափանման միջոցի հիմնահարցին:
Կայքը նախագահի մամլո խոսնակից, մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք չի պատրաստվու՞մ նախագահը միջամտել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոփոխվի: Ի պատասխան Արման Սաղաթելյանն ասել է. «ՀՀ նախագահը իրավասու չէ միջամտել որեւէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միեւնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»:




























