Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սփյուռքի երիտասարդների հետ հանդիպման ըթացքում հայտարարել է, թե Հայաստանն արել է ամեն ինչ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

«Չնայած խնդիրներին, որ ի հայտ են եկել պատմության ընթացքում, չնայած Ցեղասպանությանը, մենք կարողացանք ուժ գտնել եւ առաջարկել դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների՝ բացել սահմանն ու դրանից հետո սկսել այն հարցերի քննարկումը, որ անհրաժեշտ կհամարենք»,- ընդգծել է նա: Սարգսյանը խոստովանել է, որ մեկ ամբողջ տարի կողմերը բանակցություններ են վարել հրաշալի մթնոլորտում, առանց նախապայմանների: «Մենք երկու փաստաթուղթ են համաձայնեցրել: Բայց դրանից հետո Թուրքիայի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ փորձեցին մեզ պայմաններ առաջադրել եւ հայ-թուրքական հարաբերությունները շաղկապել ղարաբաղյան խնդրի հետ: Իհարկե մենք չենք կարող որեւէ նախապայման ընդունել: Մենք գիտակցում ենք, որ Թուրքիան հզոր պետություն է, ծանոթ ենք տարածաշրջանում եւ աշխարհում նրա դերին, բայց մյուս կողմից պետք է ընդունենք, որ մենք հայ ենք, ազատ, անկախ պետություն: 21-րդ դարն է, եւ չի կարելի խոսել նախապայմանների լեզվով: Քանի որ ցանկացած նախապայման, ցանկացած կոշտ դիրքորոշում հակազդեցություն է ծնում»,- նշել է Սարգսյանը: