Դժվար թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումից կարելի է առաջընթաց ակնկալել: Նման կարծիք է այսօր արտահայտել քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Հանդիպումը կազմակերպելու կողմերի համաձայնությունը ստացվել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում:
Ընդգծելով, որ դժվար է այդ հանդիպումից կտրուկ առաջընթաց ակնկալել, Ալեքսանդր Մարգարովը հիշեցրել է, որ փորձագետները լիարժեք տեղեկություններ չունեն, որպեսզի կանխատեսումներ անեն: Որպես օրինակ նա բերել է Կազանում աքսիոմատիկ հանդիպումը, երբ փորձագետները սկեպտիկորեն էին տրամադրված, սակայն հետո հայտարարեցին, որ կողմերը մոտ էին փաստաթուղթ ստորագրելուն:
«Սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը թույլ չի տվել ստորագրել փաստաթուղթը, որի վերաբերյալ կար նախնական համաձայնություն»,-ընդգծել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ Ալեքսանդր Մարգարովն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ կողմերը, ըստ էության,հերթական անգամ կներկայացնեն իրենց դիրքորոշումները: Ըստ որում, քաղաքագետը հիշեցրել է համանախագահների կոչերը՝ կապված վստահության մթնոլորտի ստեղծման հետ եւ ընդգծել այդ առաջարկություններն իրականացնելու պլանի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այդ հարցի շուրջ Ադրբեջանի ապակառուցողական դիրքրոշման վրա ազդելու:
«Դժվար է առաջընթաց ակնկալել, սակայն այն փաստը, որ հանդիպումները վերսկսվել են, հաստատում է կարծիքը, որ կողմերը, գնահատելով իրավիճակը, հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմական ուղիով չի կարող իրականացվել եւ բանակցային ձեւաչափը միակ տրամաբանական ուղին է»,-եզրափակել է Մարգարովը:





























