Շանթ Հարությունյանի գործողությունները հազիվ թե հայ հանրության աջակցությունն ստանան: Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում:
Հանրության մեջ արմատական տրամադրություններին առնչվող հարցին ի պատասխան քաղաքագետը նշել է, որ արմատականության դրսեւորումներ եղել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ պետությունը ճնշում է գործադրել. «Իր ծավալով ոչ այնքան մեծ, բայց խորհրդանշական այս արմատականությունը ոչ մեծ աջակցություն է գտնում հայ հանրությունում, բայց ցույց է տալիս, որ ընդդիմության մի հատվածը պատրաստ է արմատական գործողությունների», - կարծում է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» ազգայնական կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, որը մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին իր մի քանի տասնյակ աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 մարդու, որոնցից 20-ը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, ձերբակալված են: Բախումների արդյունքում մոտ մեկ տասնյակ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ ոստիկաններ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























