Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի  գործով պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի հայրը որոշել է ընտանիքի անդամներին եւ հարազատներին հեռացնել Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Նա նշեց, որ հարազատների մի մասը հիասթափվել հեռացել  են եւ հիմա ինքն էլ է պատրաստվում ընտանիքը տեղափոխել Հայաստանից:

«Ես իմ տարիքն արդեն առել եմ  իմ ծնողների գերեզմանը չեմ թողնի գնամ, թե չէ էլ թանկ բան չունեմ այս երկրում: Բայց երեխաներիս ու թոռներիս պատրաստվում եմ ուղարկել: Թող գնան աշխատեն, ապրեն: Ուր էլ գնան, իրենց շնորհքով կապրեն»,- ասաց Սուրիկ Հակոբյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի»  գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել:  Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: