Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Գայանե Կոստանյանն արդեն մեկ տարի խաղում է Կրասնոդարի «Կուբանոչկա» ֆուտբոլային ակումբում։ Ակումբի հետ ունի 2.5 տարվա պայմանագիր: Մինչեւ այդ խաղացել է Ուկրաինայում և Բեյրութում, իսկ առաջին քայլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում սկսել է 2002թ.` ընդունվելով Երևանի «Քոլեջ» մարզական ակումբ:

«Քոլեջ»-ում խաղացել եմ գրեթե 7 տարի: 7 անգամ դարձել ենք Հայաստանի չեմպիոն, Նորվեգիայում անցկացվող Norway cup-2 մրցաշարում 3-րդ տեղն ենք գրավել: Աշխատավարձ այդ ընթացքում չեմ ստացել, ավելի ճիշտ ոչ ոք չէր ստանում, իսկ ես միայն վերջին երկու տարիներին 25.000 դրամ էի ստանում՝ որպես տրանսպորտի գումար»,- NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմեց Գայանեն։

Կանանց ֆուտբոլի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որ  իր ուշադրության կենտրոնում միայն տղամարդկանց ֆուտբոլն է, որովհետեւ «ոչ մի հայ տղամարդ իր դստերը ֆուտբոլի չի տանի», մեր հավաքականի նախկին առաջատար ֆուտբոլիստուհուն չի զարմացնում։ Կանանց ֆուտբոլի հանդեպ անտարբերությունը նա տարիներ շարունակ զգացել է Հայաստանում խաղալիս։

«Հավաքականում առհասարակ աշխատավարձ չենք ստացել: Երկար տարիներ անվճար ու նվիրված խաղում էինք եւ գոնե մի փոքր ուշադրության չէինք արժանանում։ Հավաքականում հեշտ չէ խաղալը, քանի որ նախ մրցակիցներն են շատ ուժեղ (Իտալիա, Դանիա, Ֆինլանդիա և այլն): Հայաստանում չկան ակումբներ, չկա ներքին առաջնություն, մենք խաղում էինք տղաների հետ, իսկ չունենալով պրակտիկա՝ միշտ էլ դժվար է խաղալ։ Շատ էի զայրանում, որովհետեւ օտար երկրներում մենք ներկայացնում ենք մեր հայրենիքը, մեր եռագույնը, բայց Հայաստանում ուշադրության չենք արժանանում»,- ասաց Գայանեն։

Գայանեի խոսքով՝ Հայաստանի կանանց հավաքականն արդեն մեկ տարի փաստացի չի գործում։ Մինչեւ այդ աղջիկները, չնայած վատ պայմաններին, որոշակի արդյունքներ են ցույց տվել. «Հավաքականի կազմում Մակեդոնիայում անցկացվող ընկերական մրցաշարում, որն անցկացվում էր ՖԻՖԱ-ի հովանու ներքո, գրավել ենք առաջին տեղը, իսկ 2010թ. Մալթայում անցկացվող Եվրոպայի նախընտրական փուլում գրավեցինք առաջին տեղը խմբում և անցանք ընտրական փուլ»։

Արձագանքելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, որ ֆուտբոլը տղամարդկանց մարզաձև է՝ Գայանեն պատասխանեց. «Սպորտը հավասար է բոլորի համար, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու իր սիրած մասնագիտությունը. իսկ ո՞վ է ասել, թե ֆուտբոլը տղամարդու մարզաձև է»:

Գայանեն նշեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիներից շատերն այժմ արտերկրում են խաղում, սակայն կգերադասեին վերադառնալ հայրենիք ու այստեղ շարունակել իրենց ֆուտբոլային կարիերան։

«Ցավալին այն է, որ դրսում մեզ սիրում ու հարգում են շատ ավելի, քան մեր երկրում: Հավաքականի աղջիկներով միշտ էլ նշում ենք, որ եթե մեր այստեղի ստացած աշխատավարձի կեսից քիչն էլ Հայաստանում ստանայինք, մենք հաստատ կխաղայինք մեր հայրենիքում»: