Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 185 հիմնական դպրոցին կից շախմատի նոր դպրոց է բացվել, որի հանդիսավոր բացմանը մասնակցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Աջափնյակ վարչական շրջանի մարզադպրոցում գործող շախմատի խմբակների 90 սաներն այսուհետ մարզիչների հետ ուսումը կշարունակեն այստեղ: Արդեն հերթագրված եւս 200 երեխաներ եւս շուտով կդառնան այս դպրոցի սաներ:
Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների հետ:
Տարոն Մարգարյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ շախմատի դպրոցներ կհիմնվեն Երեւանի բոլոր վարչական շրջաններում, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում այս մարզաձեւի զարգացմանը:
«Մենք արդեն չորս վարչական շրջաններում ունենք շախմատի դպրոցներ, որոնցում երեխաների եւ մարզիչների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները մարզումներն անցկացնելու եւ ապագա չեմպիոններ դաստիարակելու համար: Հաջորդ տարիներին եւս ծրագիրը լինելու է շարունակական եւ, ըստ այդմ, շախմատի դպրոցներ կունենան Երեւանի բոլոր վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ, 12 վարչական շրջաններում, երբ ունենանք նմանատիպ դպրոցներ, շուրջ 3000 երեխաներ հնարավորություն կունենան անվճար տիրապետելու այս մարզաձեւին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրագործելու համար, նշել է, որ մայրաքաղաքում շախմատի դպրոցներ ունենալու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունն իսկապես ծառայում է նպատակին. «Փոքրիկներն այսօր հիանալի պայմաններ ունեն իրենց սիրելի խաղը սովորելու եւ զարգացնելու համար: Իրականում Հայաստանը դառնում է շախմատային իրական առաջատար երկիր, ու եթե մենք խնդիրներ ունեինք Երեւանում, ապա հիմա դրանք եւս լուծվում են: Վստահ եմ, որ քաղաքապետի հետ միասին կկարողանանք այդ լավ, բարի գործը կատարել», - նշել է Սմբատ Լպուտյանը:
Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները գործում են անվճար: Կրթօջախներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաեւ շախմատասեր մանուկների եւ պատանիների թիվը:




























