Կիեւի համար գլխավորը Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումն է, այսօր հայտարարել է ուկրաինացի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Ընդ որում, նա նշել է, որ դա ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարց է: Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը ռիսկային է Ուկրաինայի տնտեսության համար:

Նա նաեւ հայտարարել է, որ երկու երկրների նախագահների վերջին հանդիպումներին փոխըմբռնում է արձանագրվել, որ ստեղծված իրավիճակը չի համապատասխանում երկու երկրների երկարատեւ շահերին: Ուկրաինայի նախագահը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել՝ ապաարգելափակելու Ռուսաստանի հետ համագործակցությունը, ընդգծել է Ազարովը: Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը:

Ինչպես հաղորդում է Ուկրինֆորմը, Ազարովը մտադիր է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորումը առաջնային դարձնել ԱՊՀ վարչապետների գագաթաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի քսանին Սանկտ Պետերբուրգում:

Մինչ այդ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան նոյեմբերի 13-ին հայտարարել է, որ Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու խոչընդոտներ չի տեսնում:

Եվրահանձնաժողովում ընդգծել են, որ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում, եթե Ուկրաինայում լուծեն Տիմոշենկոյի խնդիրն ու ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնեն: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է եվրոպական քաղաքականության հարեւանության ու ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: