Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն, այսօր՝ նոյեմբերի 13-ին, խմբակցության անունից նամակ է հղել Քաղաքաշինություն եւ  հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Օրերս  Ձեր անունից  շրջանառության մեջ է դրվել Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման մի նախագիծ, որով փոփոխություն եք առաջարկում Երեւանի ավագանու կանոնակարգում, այն է՝ «Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել մինչեւ երեք հարց» կետում երեք հարցի փոխարեն ուղղել մեկ հարց: Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել եք ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Պետք չէ շատ խորանալ այս խնդրի էության մեջ, սոսկ նշենք, որ Երեւանի ավագանու միայն յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց  ուղղել  Երեւանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որեւէ պաշտոնյայի, իսկ  Երեւանում առկա խնդիրներն անթիվ են ու այդ հարցերը հիմնականում բխում են երեւանցիների նամակներից, եւ նրանցից  յուրաքանչյուրն անհամբեր սպասում է իր հարցին պատկան պաշտոնյայի տված պատասխանին: Ստացվում է, որ տարվա ընթացքում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում  հնչեցնելու երեւանցուն մտահոգող  որեւէ խնդիր: Զարմանալի է, որ ավագանու յուրաքանչյուր նիստին հարցեր  ու պատասխանների հնարավորություն առաջարկելու փոխարեն առաջարկում եք հարցերի թիվը կրճատել 3 անգամ, այսինքն՝ 3 անգամ պակասեցվում է երեւանցիներին մտահոգող հարցերը հնչեցնելու հնարավորությունն ու փաստորեն ստացվում է, որ մենք զլանում ենք 3 ամիսը մեկ անգամ մի ամբողջ օր տրամադրել մեր պարտականությունները կատարելուն:

Ինչպես նկատեցիք, Երեւանի ավագանու հոկտեմբերի 31-ի հարց ու պատասխանի նիստում միայն 18 հարց հնչեցվեց  «Բարեւ Երեւան»-ի անդամների կողմից, եւ դրանք երեւանցիների կողմից շատ սպասված հարցեր էին:

Չգիտեմ, «Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներն այս առաջարկով ինչպես են  ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, կամ միգուցե  հանրապետականներն առանց հնչեցնելու են լուծում երեւանցիների խնդիրները, բայց մենք  պարտավոր ենք դրանք հնչեցնել, որովհետեւ երեւանցին մեզ ընտրել է եւ ուզում է համոզվել իր ընտրության մեջ:  Երեւանի ավագանու գործունեության արդյունավետությունը այս փոփոխությունից  վստահաբար չի բարձրանալու:  Երեւանի ավագանու  «Բարեւ Երեւան»  խմբակցության անդամներս լրջորեն մտահոգված ենք շրջանառության մեջ դրված այս նախագծի համար:

Հարգելի՛ պարոն Թոքմաջյան, Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն»  խմբակցության հարգելի՛ անդամներ, հորդորում ենք  հետ կանչել այս նախագիծը, որովհետեւ նախագծի ձեր բերած հիմնավորումն այլ բան չի խոստանում, քան  ավագանու գործունեության արդյունավետության անկում եւ  երեւանցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Շնորհակալություն համագործակցության համար»: