Տրամաբանական չէ մեղադրել տրանսպորտի եւ կապի նախարարությանը տաքսիների ոլորտի մենաշնորհման մեջ: Այդ մասին նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովում հայտարարել է նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հարցին:

«Եթե ես՝ Բեգլարյան Գագիկս, ցանկանայի տաքսիների մենաշնորհ ստեղծել, նախարարությունը ոչ թե կմեղմացներ, այլ, ընդհակառակը, կբարդացներ տաքսիստների լիցենզավորումը: Ուսումնասիրեք կառավարության կարգավորող գիլյոտինի ծրագիրը եւ կտեսնեք, որ տաքսիստների լիցենզավորման ընթացակարգը ավելի հեշտ է դարձել եւ այնքան, որ կարելի է արտոնագիր ստանալ, ընդամենը ներայանալով: Իսկ մեղմացնել՝ մենաշնորհ սարքելու համար, Դուք երկար տարիներ աշխատում եք խորհրդարանում եւ հասկանում եք, որ նման բան հնարավոր չէ: Այլ հարց, որ միտումնավոր ցանկանում եք Գագիկ Բեգլարյանի անունը հիշատակել որեւէ մենաշնորհի հետ կապելով»,- ասել է նախարարը: