Հայաստանի Հանրապետության բոլոր կառույցներն ազատ են իրենց հայտարարությունների մեջ՝ նպատակահարմարությունից ելնելով եւ Սահմանադրության շրջանակներում: Այդ մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե Մինսկում Հայաստանի նախագահի ստորագրած փաստաթղթում կան այսպիսի տողեր. «չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություններ»:
Պատգամավորը հետաքրքրվել է, թե ով եւ ինչպես է որոշելու՝ Հայաստանի հայտարարություններից որոնք են հակասում Մաքսային միության շահերին, եւ ընդհանրապես, որն է Մաքսային միության շահը, քանի որ Ռուսաստանն ունի իր, Բելառուսն՝ իր, Ղազախստանն՝ իր շահերը: Նա որպես օրինակ բերել է Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեանի նախագահի համատեղ հայտարարությունը ղարաբաղյան հարցի շուրջ:
Վարչապետը համաձայնվել է պատգամավորի հետ, որ ոչ միայն ՄՄ, այլեւ ՀԱՊԿ գործընկերները չեն պահպանում պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել: «Հայաստանի քաղաքական դիրքորոշումը կայանում է նրանում, որ մենք պետք է առաջիկայում միջոցներ ձեռնարկենք, որոնք թույլ կտան դառնալ մաքսային միության լիիրավ անդամ, եւ Ռուսաստանի, Բելառուսի եւ ղազախստանի հետ հարաբերությունները կառուցել այդ հունով»:
Պատգամավորը նշել է, որ պատասխանը չի բավարարում իրեն, ինչին վարչապետը պատասխանել է. «Ես կծանոթանամ ամբողջ փաթեթի հետ, որ վկայակոչում եք եւ լրացուցիչ պատասխան կտամ»:





























