«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Ոստիկանության ՔՀԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին եւ 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու եւ հանցագործության գործիք ատրճանակն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված եւ գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: