Հայաստանի կառավարությունը ցանկանում է կրկին չեղյալ հայտարարել երկրից մեկնած զորակոչիկների հանդեպ քրեական հետապնդումները: Օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երիտասարդները, որոնք մեկնել են արտերկիր 27 տարեկան դառնալուն պես, հայրենիք չեն վերադառնում, քանի որ նրանց քրեական հետապնդում է սպասվում: «Առաջարկում ենք չեղյալ հայտարարել քրեական հետապնդումը մինչեւ այս տարվա դեկտեմբերի մեկը»,-հայտարարել է նախարարը:

Ուղղումն ընդունվում է արդեն չորրորդ անգամ՝ տարածվելով 2013-ի աշնանային զինակոչի վրա: Նախարարի խոսքով՝ դա նպաստել է բազմաթիվ երիտասարդների հայրենիք վերադառնալուն:  Նրանց հանդեպ միակ պահանջը, ինչպես նախկինում, կսահմանափակվի միայն 200 հազար դրամ վճարելով՝ բաց թողած յուրաքանչյուր զորակոչի դիմաց: