Հերթական միջադեպն է տեղի ունեցել ադրբեջանական բանակում:
Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, շփման գծում տեղակայված զորամասում 19-ամյա Էլման Սուլեյմանովը պատահաբար կրակ է բացել իր տաբելային ինքնաձիգից եւ վիրավորել իր ծառայակցին՝ 19-ամյա Նատիգ Ասադովին: Վիրավորին հոսպիտալ են տեղափոխել: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հատկանշական է, որ ադրբեջանական բանակում զոհերի մեծ մասը ոչ մարտական ժամանակ է գրանցվում: Առաջին կիսամյակի տվյալներով՝ Ադրբեջանական բանակում գրանցվել է 47 ոչ մարտական կորուստ: 6 մարդ զոհվել է դժբախտ դեպքերի արդյունքում, 11` ավտովթարների, 3՝ ավիավթարների, երկուսը՝ անհայտ պատճառներով, մեկը՝ անզգուշության պատճառով, մեկը՝ սպանվել է քաղաքացիական անձի կողմից, վեցը՝ դարձել են ոչ կանոնակարգային հարաբերությունների զոհ, վեցը՝ հիվանդությունների, տասնմեկը՝ ինքնասպանության:





























