Բրյուսելում խորհրդարանի պատգամավոր Կարլ Դեժոնը որոշել է մեկ ամիս ապրել 180 եվրոյով՝ աղքատության դեմ առավել արդյունավետ պայքարի համար:
Խորհրդարանականն իրեն խորհրդատու է ընտրել Թերեզա վան Բելլեին, որը 2009թ. ընտրվել էր «Միսս անօթեւան» եւ արդեն արժեքավոր տեղեկություններ է ստացել Բրյուսելի առեւտրային կետերի մասին, որտեղ մթերքները հնարավոր է ձեռք բերել ամենացածր գնով:
Դեժոնը նոյեմբերի 14-ից սկսած մեկ ամիս մեքենա չի վարի, բանկային քարտ եւ սառնարան չի օգտագործի, նրա բնակարանի ջերմաստիճանը 14 աստիճան կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Բելգիայում աղքատության դեմ պայքարի ամենամյա զեկույցի համաձայն՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ աղքատության շեմին էր բնակչության 15,3%-ը:
Բելգիայում աղքատության շեմ է համարվում (2010թ. դրությամբ) ամենամսյա հազար եվրո եկամուտը՝ անընտանիք մեկ անձի համար, եւ 2,101 հազար եվրոն՝ երկու երեխա ունեցող ընտանիքի համար:





























