Նոյեմբերի 13-ին Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով, և նա «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին ասացին Արայիկ Պետրոսյանի պաշտպաններ Նորայր Նորիկյանն ու Գիվի Հովհաննիսյանը: Պաշտպանների խոսքով, գործն արդեն 8 ամիս է քննվում է, բայց ոչ մի շոշափելի գործընթաց չի նկատվում:
«Մեր խորին համոզմամբ հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ, քանի որ ի սկզբանե ակնհայտ է, որ նման ոճրագործության մեջ որպես մեղադրյալ ներգրավելով Արայիկ Պետրոսյանին` նախաքննությունը վաղ թե ուշ մտնելու է փակուղի: Քանի որ հնարավոր չէ սպանություն իրականացնելու մեջ մեղադրել մի մարդու, որն իրականում առնչություն չունի և չի ունեցել տվյալ հանցագործության հետ»,- ասաց Նորայր Նորիկյանը:
Արայիկ Պետրոսյանի գործը պաշտպանների մոտ կասկած է առաջացնում, որ նրան պահում են որպես պատանդ իրենց համար անհայտ նպատակներով. «Միջնորդությունների հիմքում նախաքննություն իրականացնող մարմնի կողմից բերվում են բացառապես նույն փաստարկները, որ կատարվել են այս կամ այն քնչական և դատավարական գործողությունները, հարցաքննվել և շարունակվում են հարցաքննվել բազմաթիվ անձիք: Հարց է ծագում, թե ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պաշտպանյալի հետ, արդյո՞ք նշված գործողությունների արդյունքում նախաքննական մարմնի կողմից ձեռք է բերվել գեթ մեկ ողջամիտ փաստ, որը կհիմնավորեր Արայիկ Պետրոսյանի մասնակցությունը տվյալ հանցագործությանը: Բարեբախտաբար, ոչ»,- նշեց Նորայր Նորիկյանը:
Պաշտպանական կողմը պնդում է, որ նախաքննությամբ ձեռք չի բերվել որևէ ապացույց Արայիկ Պետրոսյանի կողմից նշված հանցագործությունը կատարելու վերաբերյալ:
«Արայիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել միայն այն բանի համար, որ նրա անուն ազգանունը Արայիկ Պետրոսյան է և ունի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենա»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի խոսքով, անգամ Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներն են կասկածում Արայիկի մեղավորության մեջ, քանի որ Արայիկը լավ հարաբերությունների մեջ է եղել Հրաչ Մուրադյանի հետ:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ին Պռոշյան համայնքում` գյուղապետարանի առաջ, սպանվեց Արցախյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը:




























