«Ճիշտն ասաց, ես ինքս էլ չգիտեմ, թե ով է փոխարինելու Խաչիկ Հարությունյանին, քանի որ «Օրինաց երկրի» կուսակցության խորհրդի նիստ դեռ չի եղել եւ նախնական նման քննարկում չի եղել, թե ով պետք է գա խորհրդարան»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին, թե համապատասխանում է իրականությանը, որ Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը կփոխարինի պատգամավորական մանդատը վայր դրած ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանին։
«Ցուցակում հաջորդը ինքն է, զուտ դրա համար լուրը տարածվել է, մինչեւ չլինի խորհրդի նիստ։ Ինքը տաս տարի է, ինչ կուսակցության անդամ է եւ ղեկավարում է «ՕԵԿ» Շենգավիթ վարչական շրջանի կառույցը եւ հենց կուսակցական աշխատանքների ընթացքում է, որ ծանոթանալով, քրոջս աղջկա հետ կազմել են ընտանիք, ինչի համար շնորհակալ եմ կուսակցությանը, քանի որ այն բանիմաց գրագետ մարդկանց հանդիպման վայր է, որի արդյունքում ծնվում է ընտանիք, երկու երեխա, ինքը կայացած անձնավորություն է կուսակցության ներսում եւ բազմաթիվ ընտրություններում անընդհատ եղել է ՕԵԿ-ի Շենգավիթի ղեկավար»։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է Բիշարյանը վերաբերում այն հանգամանքին, որ բարձրաստիճան պաշտնոնյան, կամ առհասարակ պաշտոնյան լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ է գտնվում. «Անընդունելի եմ համարում։ Պարզապես, ես պետք է մի բան ասեմ, որ երբ մենք մամուլը կարդում ենք, կլինի էլեկտրոնային, թե տպագիր, մի լրագրող, որի կենսագրությունը շատ փոքր է, որպեսզի դիմացինին ճանաչի ու նրան կարողանա նկարագրել։ Պետք է ասեմ, որ այն դեպքում, երբ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանք ինչ-որ մեկի հասցեին, ապա նա, հնարավոր է, որ ստանա համախատասխան պատասխան»։
NEWS.am-ի թղթակցի հարցրեց, թե այս պատասխանը համապատասխանում է իր ասածին (նեթբուքով ցույց է տալիս Լեւոն Դոխոլյանի պատասխանը Facebook- իր էջում) եւ փորձեց մեջբերել Դոխոլյանի գրածը, Բիշարյանը թղթակցի ձեռքից խլեց ձայնագրիչը եւ փակեց նեթբուքը։
Այնուհետեւ, երբ ձայնագրիչը բարեհաջող վերադարձավ լրագրողի մոտ, Բիշարյանը շարունակեց. «Լրագրողի հնարամտությունը դա սուտ եւ կեղծ բան է, որ ինքը հղում է կատարում հարեւանների վրա, իսկ ով է այդ ասողը, եթե նրա աղբյուրը ազնիվ է, նա պետք է ասի, թե ով է։ Եթե երիտասարդ լրագրողն իրենց թույլ է տալիս նման անշնորհք եւ լկտի արտահայտություն կատարել որեւէ անձի նկատմամբ, ում անգամ չի էլ ճանաչում, ես կարծում եմ, նա ստացել է արժանի պատասխան»։
Այնուհանդերձ Բիշարյանը չցանկացավ մեկնաբանել Լեւոն Դոխոլյանի գրածը, որ «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի» լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով»:
«Կներես որ փակվեց։ (Բիշարյանն ի նկատի ունի փակված ու անջատված համակարգիչը- խմբ.)Մի հատ հանգիստ, ես քո հարցին, չեմ պատասխանի»,- ասաց ՕԵԿ-փոխնախագահը։
Լրագրողների պնդմանը, որ ի վերջո գրողն Բիշարյանի ազգականն է, եւ նա հաստատ մնացածից ավելի լավ կպարզաբանի գրվածի իմաստը, Բիշարյանը կրկնեց. «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»։
Հ. Գ. Հավանաբար Հեղինե Բիշարյանի մարտական տրամադրությամբ ոգեւորված, իր օգնական երկու-երեք կանայք, սկսեցին ոչ կոռեկտ արտահայտություններ հնչեցնել ներկա գտնվող լրագրողների հասցեին, ինչի արդյունքում ԱԺ-ից հեռանալ ցանկացող Բիշարյանը վերադարձավ եւ նորից սկսեց զրուցել լրագրողների հետ, միաժամանակ խոստանալով, որ կարգի կհրավիրի իր օգնական-քարտուղարուհիներին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























