Ուելսի արքայազն Չարլզը նոյեմբերի 14-ին դարձել է 65 տարեկան, այդպիսով նա պաշտոնապես հասել է կենսաթոշակային տարիքի: Ըստ օրենքի՝ պաշտոնապես  նրա թոշակը կազմում է  շաբաթական 110 ֆունտ ստեռլինգ (175 դոլար): Սակայն արքայազնն արդեն փաստաթղթեր է ստորագրել, ըստ որոնց՝ նրա թոշակը բաշխվելու է կարիքավոր այլ թոշակառուների: 

Արքայազն Չարլզն այժմ բրիտանական գահի հավակնորդների ցուցակում առաջինն  է: Հայտնի չէ՝ նա երբեւէ կգահակալի արդյոք, թե՞ միապետությունը կգլխավորի որդին՝  Ուիլյամը:  Սակայն վերջին ժամանակներս թագուհի Եղիսաբեթ II-ը ավելի մեծ լիազորություններ է տալիս Չարլզին՝ աշխարհում բրիտանական միապետությունը ներկայացնելու համար:

Արքայազնն իր ծննդյան օրը նշել է Հնդկաստանում: Հավանաբար, առաջինը նրան շնորհավորել է կինը՝ Կամիլա Փարքեր Բոուլզը, որն ուղեկցում է Չարլզին ճամփորդության ընթացքում: Այսօր ամուսինները կուղեւորվեն Շրի Լանկա, որտեղ արքայազնը կներկայացնի թագուհուն՝ Ազգերի համագործակցության կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:  Պաշտոնական հանդիսություններ չեն լինելու, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է արքայազնի լոնդոնյան նստավայրի ներկայացուցիչը: Միայն երեկոյան Շրի Լանկայի մայրաքաղաքում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ընդունելություն կլինի՝ Ազգերի համագործակցության կայանալիք գագաթաժողովի հետ կապված: