Լեռնային Ղարաբաղն ինքնիշխան հանրապետություն ճանաչելը Ադրբեջանի հետ նոր պատերազմի սկիզբ է նշանակում: Հայաստանի դիրքորոշումն այն է, որ վերջինս բանակցային գործընթացի հնարավորությունները սպառված չի համարում, գրում է «Նեզավիսիմայա գազետան» ՀՀ խորհրդարանում ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկումների առնչությամբ:
Հիշեցնենք, օրինագիծը հերթական անգամ մերժվել էր:
«Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցի քննարկումներ նախաձեռնելը, երեւում է, պետք է նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպմանն ընդառաջ մանեւր համարել, որը կարող է կայանալ նոյեմբերի վերջին: Խորհրդարանի որոշումը կոչված էր ցույց տալու հայկական կողմի՝ հարցը խաղաղ կարգավորելու մտադրությունը», - նշում է թերթը:
«ՆԳ»-ի տվյալով, իր մանեւրներն է կատարել նաեւ Ադրբեջանը:
«Նախագահ Իլհամ Ալիեւը երկօրյա այց է կատարել Թուրքիա՝ ռազմավարական դաշնակցի հետ հանդիպելու: Բոսֆորի ափերին աշխուժացել էին այն ուժերը, որոնք Անկարայից պահանջում են հայկական հարցում գործել առանց Բաքվի շահերը հաշվի առնելու եւ կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ: (...) Միանգամայն անսպասելի, զուգահեռ հնչեց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Երեւանի հետ ընդհատված երկխոսությունը վերականգնելու ցանկության մասին: Չնայած արդեն Ալիեւի այցի ընթացքում Անկարայի պաշտոնական հռետորաբանությունը վերադարձել էր նախկին վիճակին. Հայաստանի նկատմամբ ներողամտություն չի լինի, քանի դեռ Ղարաբաղը չի վերադարձվել Բաքվին:
Միաժամանակ թուրքական Zaman ազդեցիկ թերթը գործողությունների սխեմա էր առաջարկել՝ Բաքու-Երեւան-Անկարա հարաբերությունները փակուղուց դուրս բերելու համար: Ըստ հրապարակման՝ Թուրքիայի իշխանությունները դիմել էին ԵԱՀԿ ապագա նախագահ Շվեյցարիային, որպեսզի այն համոզեր Հայաստանին Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջաններից թեկուզ հինգը, որոնք ԼՂՀ-ի շուրջ այսպես կոչված անվտանգության գոտի են կազմում: Երեւանի համաձայնելու դեպքում Ադրբեջանը չի առարկի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը բացելուն:
Zaman-ում հրապարակված սխեման, իհարկե, երկնքից չի վերցվել: ԼՂՀ-ն շրջապատող հինգ շրջանների վերաբերյալ բազմիցս են բանակցություններ տարվել: Հայկական կողմը պատրաստ է դրանք զիջել, սակայն եթե Ադրբեջանը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Քարվաճառի եւ Լաչինի նկատմամբ ունեցած իր հավակնություններից: Լաչինը Ղարաբաղը միացնում է Հայաստանին, իսկ Քարվաճառը չճանաչված հանրապետության ջրամատակարարն է, եւ դրանցից ցանկացածի զիջումը, մինչ հայ-ադրբեջանական լիարժեք խաղաղության պայմանագիր կնքելը, ԼՂՀ-ի համար լի է տհաճ հետեւանքներով: Ինչ վերաբերվում է Zaman-ի պնդումներին՝ իբր հինգ ոչ կարեւոր այլ շրջանները զիջելու Երեւանի պատրաստակամության մասին Թուրքիայի սահմանը բացելու դիմաց, ապա նա չի կարող չհասկանալ, որ հինգ շրջանները զիջելով, դրանք անվերադարձ է զիջում եւ այդպիսով նվազեցնում է Ղարաբաղի անվտանգության մակարդակը: Իսկ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ժամանակավոր լինել. ոչ մի երաշխիք չկա, որ ժամանակի ընթացքում նոր պատճառ չի առաջանա եւ այն նորից չի փակվի», - գրում է հրատարակչությունը:





























