2014թ Հայաստանի բյուջեի նախագիծը կարելի է բնորոշել որպես անողնաշար: Այս մասին այսօր հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ:

«Հայաստանի կառավարությունը, մշակելով հաջորդ տարվա բյուջեն, մի շարք բառերով է զինվել՝ զարգացնել, բարձրացնել, ամրապնդել, աջակցել, նպաստել, լայնացնել, խորացնել, արդիականացնել, վերափոխել, նախապատրաստել եւ այլն: Սակայն այդ բարձրագոչ բառերը բյուջեին նշանակություն չեն տալիս եւ փաստաթուղթը դիտարկելիս հարց է ծագում, առհասարակ կառավարությունը գործունա՞կ է, թե ոչ»,-ընդգծել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ այդ հարցը ծագում է մի պատճառով, քանի որ բյուջեում չկա աղքատության մակարդակի մասին բառեր, եւ թե որքանով կնվազի աղքատության մակարդակը: «Հայտարարում են այն մասին, որ կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, սակայնկկազմի ընդամենը 36 հազար դրամ: Դա ցուցանիշ է, որից ցածր եկամուտը աղքատության ցուցանիշ է: Հայտարարում են, որ բարձրացրել են ուսուցիչնեի աշխատավարձը, մինչ այդ երկրում մի քանի անգամ գնաճ է տեղի ունեցել»,-ընդգծել է Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ մտադիր չէ կողմ քվեարկել բյուջեի օրինագծին. «Դա հուսահատ ու անողնաշար բյուջե է, որտեղ չկա անգամ մի կետ, որը լավատեսություն ներշնչի: Չնայած հուսադրող մի կետ կա. Կառավարությունը ռիսկերի ցանկում ներառել էներքաղաքական անկայության հնարավորությունը»: