Փոլ Մաքքարթնին դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատել Greenpeace-ի ակտիվիստներին եւ նրանց հետ կալանավորված լրագրողներին:
Հայտնի երաժշտի նամակը թվագրված է հոկտեմբերի 14-ին, սակայն նրա կայքում հայտնվել է մեկ ամիս անց, այդ ժամանակահատվածում ռուսական իշխանությունները օրենքով պետք է պատասխանեն նամակներին եւ դիմումներին:
Մաքքարթնիի դիմումը ռուս նախագահին հարգալից եւ բարեկամական տոնով է գրված՝ թեեւ նախագահին դիմում է անունով:
Նամակում Մաքքարթնին Պուտինին հիշեցրել է 2003թ. մայիսի 24-ին Կարմիր հրապարակում իր համերգի մասին, որից մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահն ընդունել էր իրեն Կրեմլի իր նստավայրում եւ ուղեկցել Կրեմլում զբոսանքի ժամանակ:
«Ես իմ ռուս ընկերներից լսել եմ, որ բողոքողները որոշ շրջաններում նեկայացվում են որպես հակառուսներ, որ իբր նրանք կատարել են արեւմտյան կառավարությունների կամքը, եւ որ նրանք սպառնացել են այդ պլատֆորմում աշխատող մարդկանց անվտանգությանը», – ասված է նամակում:
«Գրում եմ, որպեսզի ձեզ վստահեցնեմ, որ իմ իմացած Greenpeace-ը, բնականաբար, Ռուսաստանի դեմ չի տրամադրված: Այդ կազմակերպությունը զայրացնում է բոլոր կառավարություններին: Եվ նրանք երբեք փող չեն ստանում աշխարհի ոչ մի կառավարությունից կամ կազմակերպությունից», – շարունակում է երաժիշտը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Վլադիմիր, - գրում է Մաքքարթնին, - տասնյակ երկրներում միլիոնավոր մարդիկ երախտապարտ կլինեն, եթե դուք միջամտեք՝ այդ գործին վերջ դնելու համար»:
Վերջում երաժիշտը մեջբերում է կատարում իր հայտնի Back In The USSR երգից, որը գրվել էր 1968 թ.՝ White Album-ի համար:
«Ես այնքան երկար եմ բացակայել, որ ոչինչ չեմ ճանաչում: Տեր Աստված, ինչքան լավ է նորից տանը լինել»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Կրեմլում չեն ստացել Փոլ Մաքքարթնիի նամակը:





























