Ղրղըզստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ի դեսպան Պամելա Սպրատլենին երկրից ամերիկյան «Մանաս» տարանցիկ բեռնափոխադրումների կենտրոնը 2014թ. հուլիսին դուրս բերելու վերաբերյալ նոտա է հանձնել: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
Ղրղըզստանի միջազգային «Մանաս» օդանավակայանից ավիաբազայի դուրսբերումը կսկսվի 2014թ. հունվարին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով երկրի դիվանագիտական աղբյուրները:
Իր հերթին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն սկսել է ուժերի տեղաբաշխումը: Սպասվում է, որ ղրղըզական «Մանասի» փոխարեն ԱՄՆ-ն կօգտագործի Ռումինիայի ռազմակայանը, որի ղեկավարությունն արդեն տվել է իր համաձայնությունը, հայտնում է KM.RU-ն:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի վերջին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը ԱՄՆ-ի հետ «Մանաս» ռազմակայանի պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ օրենք էր ստորագրել:
Ավիաբազան ստեղծվել էր 2001թ. դեկտեմբերին՝ Բիշքեկի քաղաքացիական օդանավակայանի հիմունքով: Սկզբնապես դրա նպատակն էր Աֆղանստանի տարածքում «Անխափան ազատություն» գործողության աջակցությունը, որտեղից ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերը դուրս բերել մինչեւ 2014թ. վերջը:





























