Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում հանդիպել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների հայը՝ Էմիլ Բուդաղյանը:

Նա նշեց, որ Արտակ Բուդաղյանի զորամասում նախատեսված էր հանդիպում նախագահի հետ, որը կայացել է այսօր: Բայց թե ինչ է խոսել որդին Սերժ Սարգսյանի հետ, Էմիլ Բուդաղյանը հայտնեց, որ տեղյակ չէ, հեռախոսով նրա հետ չի խոսել, կզրուցի, երբ նա տուն կգա, իսկ գնդապետը Գորիս կգնա հավանաբար շաբաթ օրը: Բուդաղյանների հայրը նշեց նաեւ, որ որդին որեւէ հատուկ բան չէր նախապատրաստել, որ ասի նախագահին: «Գործից բացառվում է, որ խոսի, ես պետք է խոսեմ, ինձ էլ չի ընդունում»,- ասաց Էմիլ Բուդաղյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունել է Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Սեպտեմբերի 7-ին Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել:

Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: